«Ռուսաստանի խորքին ամերիկյան հրթիռներով հարվածելու թույլտվությունն անխուսափելիորեն կհանգեցնի լրջագույն թեժացման, որը սպառնում է վերածվելու անհամեմատ ավելի լուրջ հետևանքի»,- ասել է Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին։ Մեկ այլ ռուս պաշտոնյայի դիտարկմամբ՝ այդ թույլտվությունն աննախադեպ քայլ է, որը տանում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ, սակայն Ռուսաստանի պատասխանը կլինի անհապաղ։               
 

Որ չլինեն մանկանց խեղված ճակատագրեր

Որ չլինեն մանկանց խեղված ճակատագրեր
31.10.2008 | 00:00

SOS
Ռուս գրականության դասական Դոստոևսկին շատ է գրել երեխաների մասին։ Նա այն կարծիքին էր, որ երեխաների կյանքի պայմաններով կարելի է որոշել, թե հասարակությունն ինչպես է ապրում։ Նա ասում էր նաև, որ երեխաներն անիմաստ են ժպտում, նրանք իրենց ժպիտի մեջ իմաստ չեն դնում։ Նրանց ժպիտը միայն լույսից է, իսկ մեծ մարդու ժպիտը՝ ստվերից ու լույսից։
Ի՞նչ է անհրաժեշտ, որ ժպտան մեր երեխաները, և այդ ժպիտից մեր հասարակության մեջ շատանա լույսը։
Դեռևս 2001-ին սկսված «Հանուն երեխաների» համաշխարհային շարժումը չէր կարող անարձագանք մնալ նաև Հայաստանում։ Այդ շարժման նպատակը աշխարհի քաղաքացիների ուշադրությունը երեխաների հոգսերին նպատակաուղղելն է։ Իսկ դրանք շատ-շատ են՝ սկսած աղքատությունից, մինչև կրթության ապահովումը և առողջության խնդիրների լուծումը։ Մենք պետք է ընդունենք, որ մանկական թափառաշրջությունը, մուրացկանությունը, մանկական աշխատուժի շահագործումն առավելապես ի հայտ եկան անկախության տարիներին՝ սոցիալական բևեռացման և գործազրկության աճին զուգընթաց։ Թեև 1996-ին ԱԺ-ն ընդունել է «Երեխայի իրավունքների մասին» օրենքը, սակայն իրականում, բարեգործական ծրագրերից բացի, պետական ծրագրեր համարյա չեն իրականացվել։ Այդ օրենքի 3-րդ գլուխը (24 հոդվածից մինչև 32) ամբողջովին նվիրված է անբարենպաստ պայմաններում և ծայրահեղ իրավիճակներում հայտնված երեխաների իրավունքների պաշտպանությանը։
Նորօրյա այդ գավրոշների հիմնախնդիրներին ես բազմիցս անդրադարձել եմ հանրապետական մամուլի էջերում։ Ցանկացած ուսումնասիրությունից, անգամ երեխայի հետ անկեղծ զրույցից, պարզ է դառնում, որ նրան փողոց մղողն անելանելի կենսապայմաններն ու ծայրահեղ կարիքն են։ Հաճախ հենց չաշխատող և պարտքերի մեջ խրված ծնողներն են իրենց զավակներին դրդում մուրալու։ Ծնողական խնամքից և հսկողությունից զուրկ, միակողմանի ծնողազուրկ կամ մանկական տարբեր հաստատություններում չընդգրկված երեխաների թիվն օրեցօր ավելանում է և ստիպում է մեզ՝ մեծ հարգանքով խոսել Հայ առաքելական եկեղեցու ԱՄՆ-ի Արևելյան թեմի նախաձեռնությամբ ստեղծված Հայ օգնության ֆոնդի գործունեության մասին։ ՀՕՖ-ի կարևոր ծրագրերից մեկը երեխաների ընդունման և կողմնորոշման կենտրոնի ստեղծումն է, որն իրականացվում է Հարոլդ և Ժոզեֆին Գյուլամիրյանների հովանավորությամբ։ 2000 թ. կայացավ կենտրոնի բացումը, ուր հանգրվանել էր ինը երեխա։ ՈՒթ տարվա ընթացքում կենտրոնով անցած երեխաների թիվն անցնում է 4500-ից։ Ապաստանելով բռնության ենթարկված 3-18 տարեկան երեխաներին՝ կենտրոնը նրանց մատուցում է բժշկական, հոգեբանական և այլ ծառայություններ, ապա համապատասխան կառույցների օգնությամբ լուծում է նրանց հետագա կյանքի հարցերը։
Կենտրոնի մատուցած բոլոր ծառայություններից կարելի է առանձնացնել մեկը, որը կօգնի երեխաներին՝ գտնելու իրենց երկրորդ տունը։ Դա խնամակալական ծառայությունն է, որի շնորհիվ անխնամ և անտուն մնացած երեխաները կարող են մեծանալ ապահով ընտանեկան միջավայրում։ Խնամակալ ընտանիքը կարող է կազմակերպել երեխայի խնամքը մինչև մեկ տարի ժամանակով (կարճատև) ու երկարատև՝ մինչև երեխայի չափահաս դառնալը կամ որդեգրվելը։ Ցանկացած մարդ, անկախ բնակության վայրից, զբաղվածության ոլորտից կամ մասնագիտությունից, կարող է դառնալ խնամատար ծնող, եթե սիրում է երեխային, ստեղծում բարենպաստ պայմաններ և ապահովում նրա անվտանգությունը։ Չմոռանանք, որ եթե կան իրենց երեխաներին լքող ծնողներ, ապա կան նաև անօթևան, անխնամ, առանց հոգածության մնացած երեխաներին խնամակալող, ապաստանող մարդիկ, որոնք պատրաստ են հարազատի պես խնամելու օտար երեխաների։
Հավելենք, որ կենտրոնում գործում են «Թեժ գիծ» (երեխայի պաշտպանության հեռախոս) և այնպիսի ծառայություններ, որոնք իրենց բնույթով եզակի են ոչ միայն Հայաստանում, այլև հետխորհրդային տարածքում։
Ինչպես մեզ տեղեկացրեց ՀՕՖ-ի մամլո քարտուղար Լևոն Լաճիկյանը, անցյալ տարի ՀՕՖ-ի պատվիրակության կազմում կենտրոն է ժամանել թեմական խորհրդի անդամ Ժանեթ Մարտիկյանը, որը չմոռացավ իր հանդիպումները կենտրոնում ապաստան գտած թախծոտ աչքերով փոքրիկների հետ։ Լսելով նրանց հուզիչ պատմությունները՝ Մարտիկյան բարերար ընտանիքի շառավիղ նրա ամուսինը «Մարտիկյան» հիմնադրամի կողմից կենտրոնին նվիրաբերեց մեկ միլիոն դոլար։ Բարձր գնահատելով այդ հայրենասիրական քայլը՝ երեխաների պաշտպանության նորաստեղծ հիմնադրամն այսուհետ կկրի Մարտիկյան ընտանիքի անունը։ Ս.թ. սեպտեմբերի 27-ին տեր և տիկին Էդուարդ և Ժանեթ Մարտիկյանները մեծարման հանդեսի ժամանակ հայտնեցին, որ կենտրոնի մասնաճյուղեր կբացվեն Արցախում և Ջավախքում։ Այս առումով խրախուսելի աշխատանքներ են կատարվում նաև «SOS-Քինդերդորֆ» բարեգործական միջազգային կազմակերպության կողմից երկրաշարժից հետո Կոտայք գյուղում կառուցված մանկական գյուղում։ 18 տարվա ընթացքում այստեղ իրենց նոր ընտանիքներն են գտել որբ և ծնողներից լքված հարյուրավոր երեխաներ։ Ինչպես հավաստեց մանկական գյուղի տնօրեն Հովիկ Կոստանդյանը, իրենց կոլեկտիվը պատրաստվում է մեծ շուքով եկող տարի նշելու երկու իրադարձություն՝ բարեգործական կազմակերպության 60-ամյակը և նրա հիմնադիր Հերման Գմայների ծննդյան 90-ամյակը։ Ի դեպ, մանկական գյուղը գտնվում է Գմայների անունը կրող փողոցի հարևանությամբ։ Շնորհիվ հայ և արտասահմանյան բարեգործների մշտական օժանդակության, խաթարված ճակատագրերի տեր այդ երեխաների համար ստեղծված են այնպիսի ընտանեկան մթնոլորտ, կրթության և դաստիարակության այնպիսի պայմաններ, որ նրանք իրենց լքված և միայնակ չզգան, որ փողոցը երբեք չդառնա նրանց տունը։ Գյուղում հաճախակի են հյուրեր ընդունում՝ հանրահայտ գրողների, նկարիչների, երգիչների և դերասանների։ Գյուղի մշտական հյուրերի թվում են արտասահմանյան տարբեր երկրներից ժամանող ուսանողական ջոկատները, որոնց հետ բարեկամությունը շարունակվում է ցայսօր։ Մշտական բարեկամների թվում է երգչուհի Քրիստինե Պեպելյանը, որը գյուղի երեխաներին նկարահանել է իր «Մայրիկ» երգի տեսահոլովակում։ Երեխաները երբեք չեն մոռանա իրենց այցելությունը Թումանյանի, Չարենցի, Սևակի տուն-թանգարաններ, գրողների և նկարիչների տներ, մանկական պատկերասրահ, մասնակցությունը Համո Սահյանի ծննդյան տոնակատարությանը և պոեզիայի երեկոները, երբ մրցույթի հաղթողներն արժանանում են մրցանակի։ Պետք էր տեսնել Ջրվեժի եկեղեցում կիրակնօրյա ժամերգության ժամանակ երեխաների աչքերը, երբ լսում էին երգչուհի Աննա Մայիլյանի հոգևոր երգերի կատարումները։ Հրաշալի երգչուհին վերջում նկարվեց երեխաների հետ և նրանց խաչով շղթաներ նվիրեց։
Որպես վերջաբան, կցանկանայի դիմել բոլոր գթասիրտ մարդկանց՝ Ներսես Շնորհալու պես ՝մանկան շուրթերով.
Աշխարհի մարդիկ,
Որ ինձ եք նայում,
Ցավակից եղեք։
Եվ ուրիշ ոչինչ։
Մելսինե ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 7040

Մեկնաբանություններ